«Ռոսիա» կինոթատրոնի տեսքը կպահպանվի` «Ռոսիա Մոլի» բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է «Ռոսիա Մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնի հիմնադիր, «Սիլ գրուպի» նախագահ Խաչատուր Սուքիասյանը: «Ռոսիա» կինոթատրոնի մասին արդեն մտածված է: Այսօր 2016 թվականն է, աշխարհում կան նոր նյութեր, նոր գործիքներ, որոնցով հնարավոր է այսօրվա պահանջներին համապատասխան կառույց ստանալ: Մենք այդ ուղղությամբ ենք մտածում և, անկախ ամեն ինչից, ես կթողնեմ այն տեսքը, որը կա: ՈՒղղակի առավել կմոդեռնիզացնենք, կդարձնենք այնպիսին, որ այս ժամանակին համարժեք լինի»,- ասել է նա:
Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի պատասխանատու պաշտոնյաները նրան ներկայացրել են Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների արդիականացման աշխատանքները, խնդիրները, մետրոպոլիտենի անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով վերակառուցման առաջին և երկրորդ վարկային ծրագրերով վեց տարիների աշխատանքների արդյունքների հիման վրա հետագա անելիքները: Մետրոպոլիտենի արդիականացման, անվտանգ շահագործման, անհետաձգելի համարվող խնդիրների լուծման նպատակով ներդրումների ներգրավման և արդյունքում՝ մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիրն ամբողջությամբ ավարտին հասցնելու համար, նախագահը հանձնարարականներ է տվել շարունակելու բանակցությունները գործընկեր կազմակերպությունների հետ: Նա Երևանի քաղաքապետի և մետրոպոլիտենի ղեկավարության ուղեկցությամբ «Մարշալ Բաղրամյան» կայարանից ուղևորվել է «Զորավար Անդրանիկ» կայարան, որտեղից այցելել է մետրոպոլիտենից անմիջական մուտք ունեցող նորակառույց «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոն: Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել կենտրոնի բացման արարողությանը: «Ռոսիա Մոլ» կենտրոնի սեփականատեր «Սիլ» կոնցեռն ընկերության համասեփականատերերի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների, բացմանը հրավիրված բազմաթիվ այլ հյուրերի հետ նախագահը շրջայց է կատարել «Ռոսիա Մոլ»-ում, Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները ներկայացրել են «Սիլ» կոնցեռնի քաղաքաշինական ծրագրերը, որի մաս է կազմում նաև նորաբաց առևտրի կենտրոնը: